Միակ մարդը, որը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հետ կապ չի ունեցել, եղել է Վարդան Օսկանյանը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ պատգամավոր, Վարդան Օսկանյանի համախոհը Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելուն։
«Միակ մարդը, որը «Գույք պարտքի դիմաց» գործարքի հետ կապ չի ունեցել, եղել է Վարդան Օսկանյանը։ Հայաստանի իշխանությունում ով կա այսօր եւ Հայաստանի ընդդիմության զգալի մասը ինչ-որ կերպ առնչվել են մարտի 1-ին։ Նրանք, որոնք եղել են իշխանության մեջ եւ եղել բարիկադի մյուս կողմում, իհարկե, ունեցել են պատասխանատվության չափ։ Դա ողբերգություն է մեր երկրի համար եւ նույնքան անշնորհակալ եւ ոչ բարոյական գործ է թեման շահարկել»,-ասաց Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մարտի 1-ին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի առնչության վերաբերյալ հարցադրումներին։
Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունում իր անդամագրման մասին Վահե Հովհաննիսյանը կոնկրետ ոչինչ չասաց։ Ինչ վերաբերում է կուսակցություն ստեղծելու անհրաժեշտությանը, նշեց. «Ես ավելի տեղեկացված չեմ, քան դուք, բայց զուտ իմ անձնական տեսակետն է, որ պարոն Օսկանյանը ունի բոլոր իրավունքները՝ բարոյական ու ինտելեկտուալ, ստեղծելու իր կուսակցությունը»։





























