Ամանորի գիշերը բերման ենթարկվելիս ոստիկանների կիրառած բռնությունների մասին ահազանգած Գեւորգ Սաֆարյանի հաղորդումը նորից քննության կենթարկվի: Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ այսօր՝ մարտի 14-ին, վերացվել է այդ դեպքով հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը:
Գործն ուղարկվել է նոր քննության:
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:
Գեւորգ Սաֆարյանը պնդում է, որ ինքն է բռնությունների ենթարկվել ոստիկանների կողմից, մարմնական վնասվածքներ ստացել:




























