Հանրապետության հրապարակից այսօր`մարտի 14-ին, ժամեր առաջ ոստիկանության կենտրոնականի բաժին բերման ենթարկված «Հայ կանանց ճակատ» նախաձեռնության  10 կին ակտիվիստներն ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրանցից Սյուզան Սիմոնյանը:

Նրա խոսքով` իրենց բերման են ենթարկել Հանրապետության հրապարակում Գեւորգ Սաֆարյանի ձերբակալման դեմ նստացույց իրականացնելու ժամանակ:

«Գեւորգ Սաֆարյանի եւ մյուս քաղբանտարկյալների ձերբակալության ու դատավոր Պապոյանի անօրինական գործողությունների դեմ նստացույց էինք անում, մեզ եկան ասացին` ազատեք այս տարածքը, խանգարում եք երթեւեկությանը: Բայց այդ տարածքում երթեւեկություն չկար, չէինք  կարող ինչ-որ մեկին խանգարել»,- ասաց Սյուզան Սիմոնյանը:

Բերման  ենթարկվածներն են եղել Անահիտ Խաչատրյանը, Կարինե Չոբանյանը, Ռուզաննա Եղնուկյանը, Անուշ Կարապետյանը, Աղավնի Սահակյանը, Գեղեցիկ Տոնոյանը, Նառա Դանիելյան, Սյուզան Սիմոնյանը, Կարինե Տոնոյանը, Սուսաննա Մելքոնյանը: Կանանց ոստիկանությունում 3 ժամ պահելուց անց ազատ են արձակել:

Սյուզան Սիմոնյանը նշեց, որ  այսօրվա նստացույցով սկիզբ է դրվել «Ոչ բռնապետտությանը» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսներով բողոքի ակցիաներին: Ակտիվիստ կանայք ծրագրում են առաջիկայում այսպիսի ակցիաներ էլի կազմակերպել: