Հունվարի 3-ին Հրազդան ԲԿ-ից բոտուլիզմ ախտորոշմամբ Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչ 50-ամյա Մանուչար Խաչատրյանի մոտ բոտուլիզմի հետեւանքով առաջացած բարդութունների հետեւանքով տղամարդը չի կարողանում շարժվել: Այս մասին այսօր` մարտի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը, որը մարտի 14-ին է նրան տեսակցության գնացել: Գյուղապետի խոսքով, 50-ամյա տղամարդը  վիրահատությունից հետո համեմատաբար ապաքինվել է, սակայն դեռ միայն ձեռքերն է կարողանում շարժել:

«Բժիշկներն ասում են, որ բոտուլիզմի հետեւանքով են այդ բարդություններն առաջացել, բայց ասում են, որ վտանգն արդեն անցել է, կամաց-կամաց կապաքինվի»,-ասաց նա:

Ավելի վաղ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացել էին, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 5 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառ է դարձել սննդում տնային պայմաններում պատրաստված շուշանի եւ բամիայի պահածոների օգտագործումը: