Հայաստանի սպառողների իրավունքների միությունն սպառողների իրավունքների խախտման հետ կապված ամսական մոտ 100 ահազանգ է ստանում, հիմնականում` սահմանված ժամկետում գնված ապրանքը հետ վերադարձնելիս առաջացած խնդիրների հետ կապված:
NEWS.am-ի հետ զրույցում Սպառողների իրավունքների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ քաղաքացիները շատ են ահազանգում հատկապես կոշիկ, հագուստ եւ այլ ապրանքներ գնելուց հետո 14-օրյա ժամկետում հետ վերադարձնել չկարողանալու հետեւանքով:
«Այն, որ հետ վերադարձնելու պրոբլեմը միշտ եղել է եւ կա, դա հայտնի է, բայց այսօր մեկը զանգեց, ասաց. «Կոշիկ եմ գնել խանութից, ուզում եմ հետ տալ, չեն վերցնում` պատճառաբանելով, որ ոչ թե առձեռն եմ վճարել, այլ` աշխատավարձի քարտով»: Բայց ի՞նչ կապ ունի ոնց ես վճարել»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Վերջինի խոսքով`այն, ինչը ստեղծվել է կյանքը հեշտացնելու համար, Հայաստանում մարդու համար դարձել պատուհաս է դարձել:
«Նույն աշխատավարձի քարտը ստեղծվել է նրա համար, որ մարդը ե´ւ հեռախոսից վճարումներ անի, ե´ւ գնումներ անի խանութներից: Ստացվում է, որ այն, ինչը քաղաքակիրթ աշխարհը ստեղծել է մարդու հարմարավետության համար, Հայաստանում պատուհաս է դարձել. դա աբսուրդ է»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Արմեն Պողոսյանը նշեց, որ Կառավարության համապատասխան որոշմամբ` կան նաեւ ապրանքներ, որոնք հետ վերադարձման ենթակա չեն:
«Դեղ-դեղամիջոցները, անձնական հիգիենայի պարագաները, բարդ տեխնիկական ապրանքները (սառնարան, ավտոմեքենա, հեռուստացույց, համակարգիչ, լուսանկարչական ապարատ) վերադարձման ենթակա չեն: Տեխնիկայի դեպքում ընկերությունը պարտավորվում է երաշխիքային ժամկետում վերանորոգել ապրանքը եւ վերացնել թերությունը »,- ասաց նա:



























