Տնտեսական մրցակցության խախտման  համար պետք է պատժել նաեւ պետական պաշտոնյաներին։ Այս մասին մարտի 15-ին ՀՀ խորհրդարանում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով 2016թ. աշխատանքային պլանը։

Նրա խոսքով՝ այս տարի հակամրցակցային օրենսդրությունը կխստացվի։ Այսպես՝ տուգանքներում կմեծացվի շահույթի ոչ թե բացարձակ, այլ տոկոսային տեսակարար կշիռը։ «Այդ դեպքում փոքր ընկերությունները խախտումների համար ավելի քիչ կվճարեն, իսկ խոշորները՝ ավելի շատ։ Բացի այդ, նախատեսվում է նաեւ պետական պաշտոնյաների համար պատասխանատվություն սահմանել այն գործողությունների համար, որոնք խոչընդոտում են բիզնեսի տնտեսական մրցակցությանը, օրինակ՝ պետական գնումների կազմակերպման դեպքում»,- նշել է Շաբոյանը։