ՀՅԴ անդամները Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ քննարկել են անձի նույնականացման հարցը։ Այս մասին մարտի 15-ին՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Պատգամավորը նշել է, որ նույնականացման հարցի շրջանակներում նախատեսվում է այնպիսի միջոցներ կիրառել եւ այնպիսի միասնական բազա ստեղծել, որոնք բացառեն ուրիշ մարդու փոխարեն քվեարկելու հնարավորությունը։ «Բարձրացվել է նաեւ հարցը, որ այսօրվա նախագծով մեկ ընտրական տարածքից պատգամավոր կարող է դառնալ նա, ով 1000 ձայն է հավաքել, սակայն նա, ով 10000 է հավաքել, կարող է եւ չդառնալ։ Դա նույնպես անարդարացի է։ Մեր կարծիքով ներկայիս տարածքային բաժանմամբ ձայների հաշվարկը պետք է կատարվի հանրապետության ողջ տարածքով»,- ասել է նա։





























