Անարդարացի է, երբ Հայաստանի քաղաքացին քվեարկում է ոչ իր ընտրատեղամասում։ Այս մասին մարտի 15-ին՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ ներկայիս Ընտրական օրենսգիրքը թույլ է տալիս ընտրություններից 7 օր առաջ դիմել ընտրական հանձնաժողով եւ հնարավորություն ստանալ քվեարկել ոչ թե ըստ հաշվառման վայրի, այլ այն վայրի, որտեղ նա այդ օրը գտնվելու է։ «Մենք ասում ենք, որ դա պետք է բացառել ԸՕ նախագծից։ Մենք բոլորին ասում ենք, որ նրանք պետք է Հայաստանում լինեն քվեարկության օրը, իսկ Հայաստանի ներսում թույլ ենք տալիս քվեարկել ուրիշ ընտրատեղամասում։ Մենք կարծում ենք, որ դա անարդարացի է։ Թող մարդը ժամանակ գտնի եւ քվեարկի իր ընտրատեղամասում»,- ասել է Աղվան Վարդանյանը։





























