Սիրիայից ռուսական ուժերի դուրսբերման մասին որոշումը որեւէ ազդեցություն չի ունենա Ուկրաինայի իրադրության հետ կապված Մոսկվայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վրա: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում կայացած լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ բարձրացնում է Ղրիմի հարցը՝ անկախ Դոնբասում իրադրության կարգավորման, եւ հավելել, որ Վաշինգտոնը երբեք չի ճանաչի թերակղզու ռուսական պատկանելությունը, այդ պատճառով պատժամիջոցները կշարունակեն գործել:

«Մենք այդ հարցերը բարձրացնում ենք զուգահեռ՝ անկախ Մինսկի համաձայնություններից... Մենք հստակ հասկացրել ենք, որ երբեք չենք ճանաչի Ղրիմի բռնազավթումը եւ Ռուսաստանի կազմում դրա ընդգրկումը»,- ասել է Նուլանդը:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, պետքարտուղարի օգնականը նաեւ նշել է, որ Պետքարտուղարությունը կուսումնասիրի, թե ուրիշ ինչ պատժամիջոցներ կարելի է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմի իրավիճակի հետ կապված: