Նախկին Խորհրդային միությունից միգրանտները չպետք է խնդիրներ ստեղծեն աշխատաշուկայում եւ զայրացնեն Ռուսաստանի քաղաքացիներին: Այս մասին Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նաեւ նշել է, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի Ռուսաստանում ապօրինի միգրացիայի հետ կապված խնդիր ծագի, ինչպես այսօր դա տեղի է ունենում Եվրամիությունում:
«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում Եվրամիության սահմաններին: Մեզ մոտ այդպիսի սուր խնդիր, փառք Աստծո, չկա, այդ թվում՝ մեր ջանքերի շնորհիվ: Բայց չի կարելի թույլ տալ, որպեսզի նման բան տեղի ունենա նաեւ մեզ մոտ: Չնայած մենք հասկանում ենք, որ մեզ մոտ նույնպես խնդիրը սուր է: Մենք միլիոնավոր միգրանտներ ունենք, առաջին հերթին, իհարկե, նախկին Խորհրդային միության հանրապետություններից: Հարկավոր է այնպես անել, որպեսզի նրանք նույնպես նորմալ պայմաններում ապրեն, աշխատեն այնտեղ, որտեղ նրանց աշխատանքի կվերցնեն, որպեսզի հետեւեն ՌԴ օրենքներին, ժողովուրդների ավանդույթներին, որոնց շրջանում ապրում են, եւ որպեսզի Ռուսաստանի ներսում աշխատաշուկայում խնդիրներ չառաջանան՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին չզայրացնելու համար»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՆՏՎ-ն:
ՌԴ նախագահի խոսքով, սա շատ նուրբ, բայց չափազանց կարեւոր աշխատանք է, որը կարեւոր է երկրի տնտեսության եւ սոցիալական կայունության համար:





























