Հրազդան քաղաքում ընտրատեղամասային հանձնաժողովներում ՀԱԿ-ի տրված տեղերը ՀԱԿ կուսակցությանը չեն, որ նրանք դա զիջեն: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանին ուղղված իր գրությանը, որով առաջարկել է այդ տեղերում հանձնաժողովի անդամներ նշանակել նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց:
«Իր տեղերի զիջել կարող է «Ժառանգություն» կուսակցությունը: Բայց ՀԱԿ-ի դեպքում զիջման խնդիր չկա: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակումներ կատարում են կամ խմբակցություն ձևավորած կուսակցությունները, կամ դաշինքի դեպքում նշանակումները կատարում են խմբակցությունները: Հիմա Սասուն Միքայելյանը ՀԱԿ-ի նախընտրական ցուցակի 13-րդ հորիզոնականում է: Խմբակցության յոթ անդամներից չորսը կողմ են արտահայտվել, որպեսզի այդ որոշումը կայացվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ խոսքը Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Ստեփան Դեմիրճյանի և իր մասին է:
«Հիմա ասում են, ինչո՞ւ պետք է այդ հանձնաժողովներում գտնվող անձանց հանեն, տեղը Սասուն Միքայելյանի ներկայացուցիչներին նշանակեն: Իրականում այդ հանձնաժողովները ձեւավորված չեն, գոյություն չունեն: Այդտեղ մարդ նշանակված չի, որ նրանց հանենք, ուրիշ մարդ նշանակենք: Այդ հանձնաժողովների ձեւավորման գործընթացն սկսվել է այս շաբաթ, իսկ անձանց ցուցակները ներկայացնելն սկսվելու է մարտի 18-ից»,-ընդգծեց Փաշինյանը:
Դիտարկմանը, թե ՀԱԿ-ի ստեղծման օրից շատ ջրեր են հոսել, Փաշինյանը հակադարձեց. «Ջրերը հոսել են, իսկ օրենսդրությունը չի հոսել: Ես չեմ խոսում հարաբերությունների ու տրամադրությունների մասին, ես խոսում եմ օրենսդրությունից բխող դիրքորոշումների ու տրամաբանության մասին»:
Նշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, առաջարկելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընտրատեղամասերում ՀԱԿ խմբակցության կողմից ընտրական հանձնաժողովների անդամ նշանակել Սասուն Միքայելյանի կողմից առաջադրված անձանց:
Սասուն Միքայելյանը հայտարարել է Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին, իսկ նրա շտաբի պետը Նիկոլ Փաշինյանն է: Ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 17-ին:
Այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այս առնչությամբ լրագրողներին հայտնել է, որ նամակն ստացել է: «Մենք ունենք դիրքորոշում եւ Ձեզ հուզող հարցերի պատասխանը դուք այսօր կստանաք»,-ասել է նա:





























