Պետք չէ հայտարարել, թե Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրեթե ոչինչ չի տալիս։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ  սարկազմի անցնել պետք չէ, դա կարող է անել յուրաքանչյուրը, իսկ խորհրդարանական ամբիոնն այլ բանի համար է։ «Մենք բոլորս դեմ ենք գների աճին։ Մենք հասկանում ենք, որ կան մարդիկ, որոնց համար 20-50 դրամ թանկացումը շատ էական է։ Մենք Հանձնաժողովին խնդրում ենք ուշադիր լինել բոլոր առաջարկներին։ Բայց պետք է նաեւ օբյեկտիվ լինել։ Պետական հանձնաժողովի աշխատակազմը 25-30 մարդուց է բաղկացած։ Նրանք չեն կարող ամեն բան հասցնել։ Իսկ միաժամանակ միայն 2015թ. նրանք մոտ 500 պետական մրցույթ են անցկացրել, բացահայտել գերիշխող դերի չարաշահման տասնյակ դեպքեր»,- նշել է Շարմազանովը։