Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Եգիպտոսի հետ միասին հաջողություններ է արձանագրում սիրիական կարգավորման մեջ: Այդ մասին նա հայտնել է իր եգիպտացի գործընկեր Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող ճեպազրույցին, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք պայմանավորվել ենք շարունակել սերտ համագործակցությունը Սիրիային աջակցության միջազգային խմբի շրջանակում` այն դրական փոփոխությունների համատեքստում, որոնք նկատվել են վերջին ժամանակներս», — ասել է Լավրովը:
Նա նշել է, որ խոսում է «ռազմական գործողությունների դադարեցման, կարիքավոր բնակչությանը մարդասիրական աջակցության հասանելիության ընդլայնման եւ քաղաքական գործընթացի սկզբի վերաբերյալ` Սիրիայի հարցով միջազգային խմբի աջակցությանն արժանացած ռուս-ամերիկյան նախաձեռնության իրականացման» հաջողությունների մասին:
«Այդ բոլոր ուղղություններով առաջընթաց կա: Մենք հույս ունենք, որ այդ հաջողությունը, առայժմ շատ զգուշորեն կարելի է խոսել այդ մասին, կամրապնդվի Ժնեւյան բանակցությունների ընթացքում, որոնք կշարունակվեն այս եւ հաջորդ շաբաթ», — հավելել է նա:




























