Հայաստանում կոոպերատիվների ստեղծման ծրագիրը հաջող ընթացք է ունեցել ու շոշափելի արդյունքներ է տվել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Եվրոպական Հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների Գլխավոր տնօրինության Արեւելյան հարեւանության հարցերով բաժնի ղեկավար Մաթիո Բուզկեի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սերգո Կարապետյանը, մասնավորապես նշել է. «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը` որպես մեր երկրի տնտեսության գերակա ուղղություն վերջին տարիներին դինամիկ աճ է գրանցում, ինչին մեծապես նպաստում են նաեւ Եվրամիության եւ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող համատեղ ծրագրերը, այդ թվում` նաեւ գյուղատնտեսության առաջնահերթ խնդիրներից մեկի` կոոպերատիվների ստեղծմանն ու զարգացմանը ուղղված «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացում» («ENPARD») ծրագիրը: Այս ծրագիրը հաջող ընթացք է ունեցել ու շոշափելի արդյունքներ է տվել եւ հուսով եմ, որ այն կունենա իր շարունակությունը», - ողջունելով հյուրերն` նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արեւելյան հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բյուջետային աջակցության ծրագրերը եւ ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ծրագրերի շրջանակներում նախապայմանների կատարման ընթացքը:
Նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մեր երկրում ընդունվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքը, նախարարությունում ստեղծվել է գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության կառուցվածքային ստորաբաժանում, հանրապետության բոլոր մարզերում իրականացվել է շուրջ 50 ուսումնական դասընթաց կոոպերատիվների գործունեության վերաբերյալ: Այս տարի Եվրամիության օժանդակությամբ նոր օրենսդրությամբ կստեղծվեն շուրջ 45 նոր կոոպերատիվներ:
Նախարարը նաեւ ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետեւողական է ծրագրերի թափանցիկության եւ դրանց վերաբերյալ իրազեկության ապահովման հարցում, եւ այս առումով 2015 թվականին իրականացրել է լայնածավալ աշխատանք:
Զրույցի ընթացքում Սերգո Կարապետյանը շեշտել է նաեւ օրգանական գյուղատնտեսության զարգացման նախաձեռնության ծրագրի կարեւորությունը:
Կողմերը քննարկել են նաեւ գյուղատնտեսության ոլորտում հետագա երկկողմ համագործակցության հեռանկարները, մասնավորապես Վեդու ջրամբարի կառուցման հետ կապված Արարատի եւ Արմավիրի մարզերում կոոպերատիվների ստեղծման եւ ոռոգման նորագույն տեխնոլոգիաների, այն է` կաթիլային համակարգերի ներդրման հնարավորությունը:
Բարձր գնահատելով Եվրամիության հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության ներկա վիճակը` նախարարը համոզմունք է հայտնել, որ ագրարային ոլորտում փոխգործակցությունը կշարունակի զարգանալ եւ ընդլայնվել:





























