170.000 հայ միգրանտ ՌԴ-ում գտնվում է արտաքսման վտանգի տակ: Այս մասին այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց միգրացիոն խնդիրներով զբաղվող «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը:

«2015թ հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ՌԴ միգրացիոն օրենսդրության հերթական խստացումը, ինչը ենթադրում էր, որ օտարերկրյա քաղաքացիները, որոնք 180 օրվա ընթացքում 90 օրից ավելի կմնան ՌԴ-ում, ենթակա են արտաքսման: Նախատեսված 90-օրյա ժամկետից 91-180 օր ավելի մնալու դեպքում միգրանտը ենթակա է արտաքսման մինչեւ 3 տարի ժամկետով, 180-270 օր ավելի մնալու դեպքում` մինչեւ 5 տարի, 270 օրից ավելի մնալու դեպքում` մինչեւ 10 տարի ժամկետով: Այդպիսի ռիսկի գոտում գտնվող հայ միգրանտների թիվն անցնում է 170.000-ը»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա խոսքով` մինչեւ 2014թ բազմաթիվ հայ միգրանտները տարիներ շարունակ անօրինական են գտնվել ՌԴ-ում. 2015թ ընդունված օրենքից հետո նրանք «ձգձգում են» Հայաստան վերադարձը` խուսափելով 10 տարի արտաքսման վտանգից:

 Տաթեւիկ Բեժանյանը նշեց, որ 170.000 հայ միգրանտների հնարավոր վերադարձը սոցիալական նոր խնդիրների առաջ կկանգնեցնի ոչ միայն միգրանտներին,  այլեւ նոր մարտահրավեր կդառնա Հայաստանի համար:

«Եթե այս մարդիկ վերադառնան Հայաստան եւ 10 տարի չկարողանան հետ գնալ, դա լուրջ սոցիալական խնդիրներ կառաջացնի Հայաստանում: Բացի այդ, նրանք  որոշակի գույք, բիզնեսներ ունեն այնտեղ, որոնք դժվար կլինի նրանց համար թողնելը»,- ասաց նա: