Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունն այնքան քվե է ստանալու, որ խորհրդարանում լուրջ թիմով ներկայացված կլինի: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որը չի բացառել իր անդամակցությունն այդ կուսակցությանը:
«Ես համարում եմ, որ այս կուսակցության ստեղծումը, որի մասին հայտարարեց Վարդան Օսկանյանը, համատարած հասարակության մեջ առկա հուսալքման ու դինամիկ լճացման պայմաններում խիստ արդարացված է ու պահանջված: Ես համագործակցելու եմ այդ կուսակցության հետ: Եթե որեւէ քաղաքական ուժ չի ձգտում գոնե տեսականորեն առաջինը լինելու, դա լավ չէ, իսկ թե որ ուժը կլինի խորհրդարանում իրականում, դա արդեն այլ խնդիր է»,-ասաց պատգամավորը:
Դատարկմանը, որ Վարդան Օսկանյանի անունը կապվում է Մարտի 1-ի ոճրագործության հետ, Ստեփան Մարգարյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ պարոն Օսկանյանը հանգամանալից բացատրեց: Ես որեւէ տրամաբանություն ու կապ չեմ տեսնում, թե ինչու է կապված Մարտի 1-ը, ասենք Օսկանյանի, առավել եւս կուսակցության հետ: Միակ բանը, որ ասվում է, այն է, որ այդ օրը Օսկանյանը ելույթ էր ունեցել: Ելույթ է ունեցել դեպքերից առաջ եւ կոչ արել պարզապես երկխոսության: Օսկանյանի մեղքն այդ ժամանակ պաշտոնյա լինելն է: Եթե այդպես է, ցանկացած պաշտոնյա պատասխանատվություն է կրում: Ինքը՝ Օսկանյանը, ասում է, որ պաշտոնյա լինելով՝ պատասխանատու է: Օսկանյանը որեւէ լծակ չուներ մարտի 1-ի դեպքերի վրա ազդելու, ոչ հրաման տվողն էր, ոչ էլ բանակ ու իրավապահ համակարգ տեղաշարժողը»,-ընդգծեց Մարգարյանը՝ հավելելով, որ իր համար տարակուսելի է, թե ինչու են այդքան Մարտի 1-ի թեման կապում Վարդան Օսկանյանի հետ:
Նշենք, որ 2008-ի մարտի 1-ի ն Օսկանյանը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ եւ նշել, որ երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե իշխանությունը թույլ տա հրապարակում հավաքվածներին շարունակել իրենց գործողությունները:




























