Թուրքիայի գործողությունները խանգարում են սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Թուրքիայի գործողությունները, ըստ էության, ձախողում են ձեռնարկվող՝ այդ թվում ՄԱԿ ԱԽ կողմից հավանության արժանացած ջանքերը՝ թե՛ հրադադարի, թե՛ հումանիտար բեռների մատակարարման, թե՛ քաղաքական գործըթնաց սկսելու հարցում»,- ասել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա համաշխարհային համայնքին կոչ է արել արձագանքել ստեղծված իրավիճակին:

Բացի դրանից, Լավրովը հայտնել է, որ Թուրքիան խախտում է Իրաքի ու Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Ցավոք, այս համատեքստում Թուրքիան նույնպես դերակատարում ունի: Մենք գիտենք Իրաքի տարածքում թուրքական զինված ուժերի գործողությունների, Սիրիայում քրդական աշխարհազորի դիրքերին Թուրքիայի տարածքից գնդակոծությունների մասին»,- հավելել է նա: