ՌԴ-ից արտաքսված հայ քաղաքացիները կարող են իրենց տվյալները մուտքագրել Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնական կայքում` պարզելու համար իրենց անունը դեռ սեւ ցուցակում է, թե ոչ: Այս մասին այսօր` մարտի 16-ին, ասուլիսի ժամանակ ասաց միգրացիոն խնդիրներով զբաղվող «Վերադարձ եւ պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթեւիկ Բեժանյանը:

«Կայքը, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է մուտքագրել իր անձնական տվյալները եւ ստուգել` արդյոք դեռ սեւ ցուցակում է, թե ոչ,  ռուսական ԴՄԾ-ի կայքն է` fms.gov.ru: Բացի այդ, մարդը կարող է զանգահարել 08000-10-10` աշխատանքային միգրացիայի թեժ գծի հեռախոսահամարով, որի աշխատակիցները կօգնեն ստուգել, արդյոք մարդը միգրացիոն գծով որեւէ խախտում ունի, թե ոչ»,- ասաց Տաթեւիկ Բեժանյանը:

Նա նշեց, որ այս կայքում կարելի է ստուգել միայն միգրացիոն գծով խախտումները, մինչդեռ ՌԴ-ում եւս 8-9 գերատեսչություն մուտքի արգելք դնելու իրավունք ունի:

«Հնարավոր է, որ միգրացիոն ծառայության կայքը ցույց տա, որ մարդը որեւէ խնդիր չի ունեցել եւ այդ առումով բաց է իր մուտքը, բայց ՃՈ-ին ունենա չվճարած տուգանք, կամ «Բիլայնի» քարտի համար պարտք ունենա, եւ այդ մասով փակեն նրա մուտքը»,- նշեց Տաթեւիկ Բեժանյանը:

Նրա խոսքով`այսպիսի դեպքերում երեւանաբնակները պետք է դիմում գրեն Հայաստանի միգրացիոն պետական ծառայությունում, մարզերի բնակիչները` մարզպետարանների համապատասխան բաժիններում` պարզելու համար ՌԴ մուտքի հետ կապված ինչ խնդիր ունեն:

«Մեր միգրացիոն ծառայությունը ներքին պայամանավորվածություն ունի ՌԴ-ի միգրացիոն ծառայության հետ: Այստեղ գրված դիմումները հետագայում   հասցեագրվում են ՌԴ ֆեդերալ միգրացիոն ծառայությանը եւ  1-3 ամսվա ընթացքում ճշտվում է խախտումի բնույթը: Եթե խնդիրը մեծ չէ, շատ արագ մուտքի արգելքը վերացվում է»,- նշեց ՀԿ նախագահը:

Վերջինի վստահեցմամբ`քաղաքացիների թիվը, որոնց անունը սեւ ցուցակից դուրս է գալիս եւ կարողանում են կրկին մեկնել ՌԴ, բավականին մեծ է եւ այսօր էլ շարունակում է աճել: