Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունում կլինեն շատ հայտնի դեմքեր: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, որն, ըստ ամենայնի, կանդամագրվի այդ կուսակցությանը:
«Կուսակցության մեջ կլինեն, մարդիկ, որոնք կլինեն ճանաչված, բայց միեւնույն է՝ կուսակցությունն ինքը պետք է ճիշտ բացատրի՝ ինչ է ուզում ինքը: Եթե ճիշտ բացատրեց, խնդիրները մարտահրավերներն ու դրանց ուղղությամբ լուծումները ճիշտ դրեց, ես վստահ եմ շատ լուրջ կոնսոլիդացիա կլինի»,-ասաց Մարգարյանը, սակայն չկոնկրետացրեց, թե ովքեր են այդ հայտնի դեմքերը:
Ինչ վերաբերում է կուսակցության ֆինանսական միջոցներին, պատգամավորը նշեց. «Պիտի փորձենք հայթայթել: Իհարկե, երբ որ ծախսերը կլինեն ու կպարզվի՝ մեծ գումարներ են ծախսվել, իհարկե, պիտի պատասխան տալ, բացատրություն, իսկ եթե մեծ ծախսեր չի արվելու, այդ հարցը դառնում է անիմաստ»:
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի ֆինանսական ահռելի միջոցներով հիմնադրված ԲՀԿ-ի անցած ճանապարհը չի կրկնվելու Վարդան Օսկանյանի կուսակցության դեպքում: «Ծառուկյանը բարեգործության միջոցով չէր մտնում քաղաքական դաշտ: Բարեգործությունը նրան հայտնի, բարի ու օգնող մարդ էր դարձնում, որը գուցե ընտրողների վրա որոշակի ազդեցություն ունենում էր, բայց եթե չլիներ Ծառուկյանի ժամանակ կուսակցության լուրջ քաղաքական թիմը, բնականաբար, կուսակցությունն այդքան առաջ չէր գնա, դա ակնհայտ է»,- ամփոփեց Մարգարյանը:





























