Ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանին չեն կարող երկար անազատության մեջ պահել: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Հիմնադիր խորհրդարանի» եւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը:

«Այս գործը հենց առաջին օրվանից նաեւ միջազգային ուշադրության կենտրոնում է: Սրանք պիտի փորձեն ձգձգել, ինչքան քաշքշեն, այդքան իրենց օգուտն է, բայց որ Գեւորգին երկար չեն կարող պահել, ես դրանում համոզված է, մենք պետք է շարունակենք պայքարը»,-այս մասին այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա կրկին պնդեց, որ Գեւորգ Սաֆարյանին կալանքի տակ են պահում «նրա սերնդակիցներին վախեցնելու նպատակով»:

«Այս համակարգը տակավին շնչում եւ գոյատեւում է КГБ-ական տրամաբանությամբ: Խնդիր են դրել անընդհատ վախեցնել հասարկությանը: Այդ տրամաբանության մեջ պետք է տեղավորել  այս գործը»,-ասաց նա:

Անդրադառնալով գործի նոր քննությանը եւ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու պահանջով քննիչի հնարավոր միջնորդությանը`Սեֆիլյանը նշեց. «Սրանցից ո՞վ է գլուխ հանում, որ ես հանեմ: Հալածանքն են ուզում շարունակել»:

Նշենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր 17:45-ին կհրապարակի Գևորգ Սաֆարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով առաջին ատյանի մերժման դեմ բողոքի մասին որոշումը:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: