Հայաստանում իշխանափոխությունը ցանկության խնդիր չէ, այն հայ ժողովրդի գոյատեւման համար օրինաչափություն է: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ընդդիմության միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

«Եթե հայությունը պետք է գոյատեւի, ապա իշխանափոխությունն անխուսափելի է: Այս իմաստով ես լավատես եմ, եւ բավական հասունացած է ամեն ինչ»,-ասաց Սեֆիլյանը:

Նա  հիշեցրեց, որ իրենք այն ուժն են, որ չեն մասնակցելու 2017թ. խորհրդարանական ընտրություններին, փոխարենը` փողոցային պայքար կմղեն: 

«Չենք մասնակցելու, քանի որ համոզված ենք` ընտրությունների միջոցով բռնատիրական ռեժիմի օրոք արդյունքի հասնել հնարավոր չէ: Ուստի պայքարը լինելու է փողոցում»,-ասաց Սեֆիլյանը:

Այն, որ 2015թ. դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակը «գրաված» «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ, Սեֆիլյանը պայմանավորեց նրանով, որ ամեն ժամանակ ունի պայքարի իր մեթոդը: «Առայժմ մեր պարբերական հավաքները բոլորի համար շատ հստակ չեն, բայց ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ հետո կհստակեցվի: Այստեղ կարեւորը պայքարից հետ չկանգնելն է եւ անընդհատ հավանական ընդվզման կրակը վառ պահելն է, որով այս օրերին զբաղված ենք, պարզապես ամեն ժամանակ ունի պայքարի իր մեթոդը»,-ասաց Սեֆիլյանը:

Նշենք, որ մարտի 16-ին եւ 18-ին «Նոր Հայաստանը» ասուլիս եւ հավաք կանցկացնի, որոնց ընթացքում կխոսվեն պայքարի հետագա մեթադների մասին: