Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սննդի պահեստարանից գողություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը պահեստարան հանդիսացող սննդամթերքի սարքավորման ապակին կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել է տարբեր տեսակի սննդամթերք՝ պատճառելով զգալի չափի վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է մի երիտասարդ պահեստարանի մոտ:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:




























