Մարտի 16-ին Հայաստանի խորհրդարանի դահլիճում հայհոյանքով ուղեկցված խոսքակռիվ է տեղի ունեցել իշխանության եւ ընդդիմության պատգամավորների միջեւ:

 Ելույթ ունեցող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ՃՏՊ-ների եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների կեսը բաժին է հասնում ճանապարհային տեսախցիկները սպասարկող  «Սեկյուրիտի դրիմ» ընկերությանը: Այդ ընկերությունը, հավելել է Փաշինյանը, կապված է Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ: Ի պատասխան դահլիճից սկսել է ինչ-որ բան բղավել ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը, որին միացել է Առաքել Մովսիսյանը,  (նույն ինքը`  «Շմայս»): Փաշինյանը սկսել է պատասխանել: Անջատած բարձրախոսների պայմաններում լսվել են ընդամենը բառերի պատառիկներ, որոնք հայհոյանք են հիշեցրել: 

«Այ  տղա, քո հետ եմ»,-տեղից բղավել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը։  ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) իր հերթին Նիկոլ Փաշինյանին անվանեց «համբալ, անասուն, դիշովկա» ու ստացավ հակահարված. «Համբալը դու ես, այ տղա, դիշովկան դու ես, դու քեզ ում տեղն ես դրել, վափշե»: