Քաղաքի կենտրոնում բարձրաստիճան պաշտոնյաներին պետական բնակարաններ տալն իմաստ ունի։ Այս մասին մարտի 16-ին խորհրդարանում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

Փոստանջյանն իր ելույթում հարցրեց, թե ինչու են այդ պաշտոնյաները ոչ թե սեփականության իրավունքով ապրում իրենց բնակարաններում, այլ բնակվում են քաղաքի կենտրոնում՝ պետական բնակարաններում։ «Ավելի լավ չի՞ լինի այդ միջոցներով օգնել անօթեւաններին, անտուն նախագահների եւ վարչապետների փոխարեն»,- ասել է Փոստանջյանը։

Դրան ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը անվտանգության միջոցների կարիք ունի, որն ապահովելը շատ ավելի թանկ կլինի, եթե այդ մարդիկ ապրեն ցրված։ «Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ բարձրագույն պաշտոնատար անձինք իրենք չեն որոշում իրենց անվտանգության ապահովման կարգը։ Ուզում եմ հիշեցնել, որ անցյալում նման կարգ է գործել, եւ դա շատ վատ անվերահսկելի հետեւանքներ է ունեցել»,- ասել է Հարությունյանը։