Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ռուսական «ՌՏ-Քիմկոմպոզիտ» ընկերությունից տեխնիկական առաջարկներ կստանա  «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ: Այդ մասին մարտի  16-ին Հայաստանի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը: 

«Մենք նրանց հետ բանակցություններ ենք վարում եւ մինչեւ  ապրիլի  1-ը առաջարկներ ենք սպասում», - ասել է նախարարը: Նա հիշեցրել է, որ մարտի  12-ին նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել  «Նաիրիտ» քիմիական գործարանի վիճակի ուսումնասիրման համար: Աշխատանքային խմբի կազմում գերատեսչության, գործարանի եւ Երեւանի ՋԷԿ-ի ներկայացուցիչներ են: Խումբը ղեկավարում է փոխնախարար Լեւոն Շահվերդյանը: 

Հիշեցնենք, որ 2006-ին պետությունը «Նաիրիտ» ընկերության  90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ:  2006-ին ԱՊՀ-ի Միջպետբանկը  70 մլն դոլարի  «Rhinoville» վարկային գիծն է բացել, որն ընկերությունը չի փակել:  2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետբանկի հայցը բաժնետոմսերի  90 տոկոսը պարտքի դիմաց բռնագանձելու վերաբերյալ: Մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Ձեռնարկությունը, որը համաշխարհային շուկաներում պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ է արտադրում, պարապուրդի է մատնված  2010-ի ապրիլից:   

2015-ի հուլիսի 28-ին Հայաստանի այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, ԱՊՀ-ի Միջպետբանկի հետ բանակցությունների արդյունքում վերջինս համաձայնել է Հայաստանի կառավարությանը զիջել գործարանից չբռնագանձված  դեբիտորական պարտավորությունները եւ ծուտով կարող է օրինականորեն ստանձնել գործարանի ակտիվների մնացած  90 տոկոսի տիրապետումը: