Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանը կմնա անազատության մեջ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր` մարտի 16-ին, մերժեց Գեւորգ Սաֆարյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով առաջին ատյանի մերժման դեմ փաստաբանի բողոքը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը որոշումը այսկերպ է պատճառաբանել է` գործը նոր քննության է ուղարկվել, Գեւորգ Սաֆարյանը կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին:

«Ընդհանրապես հիմնավորված չէր, որ Գեւորգ Սաֆարյանը կարող է նախաքննական ընթացքի վրա  ազդել, այն պարագայում, երբ ամեն ինչ հրապարակված է, գաղտնի բան չկա: Զարմանալի էր, որ դատախազը եւ քննիչը ներկա չէին, առարկություններ չներկայացվեցին: Դատավորը կարեկցական հայացքով ընթերցում էր, զգում էիր`համաձայն չէ, բայց դատական ակտն այդպիսինն է»,-ասաց փաստաբանը:

Տիգրան Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ մոտ օրերս քննիչն, ամենայն հավանականությամբ, նոր միջնորդություն կներկայացնի դատարան` Սաֆարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու պահանջով:

«Վստահ եմ, որ նիստ կնշանակվի, կմիջնորդի երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ գործը այսպիսի մեղադրանքով դատարան գնալ չի կարող: Կհայտնվեն վկաներ, որ Գեւորգի դեմ ցուցմունքներ կտան, կասեն` ինչ հագուստով է եղել, ինչ հարցածներ է հասցրել Գագիկ Խաչատրյանին: Այլապես դատարանում շատ արագ Գեւորգի անմեղությունը կապացուցվեր»,-ասաց փաստաբանը:

Ի աջակցություն Գեւորգ Սաֆարյանի`դատարանի բակում հավաքվածներին փաստաբանը փոխանցեց. «Գեւորգը բարեւում էր, տրամադրությունը տեղն էր, ասում է`պայքարը շարունակվում է»:

Նշենք, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Գեւորգ Սաֆարյանի գործը ուղարկվել է լրացուցիչ քննության: Գործի նախաքննությունն ավարտվել էր, սպասվում էր, որ այն պետք է ուղարկվի դատարան: Եթե քննիչը նոր միջնորդություն չներկայացնի Սաֆարյանը ապրիլի 1-ից ազատության մեջ կլինի, քանի որ այդ օրը լրանում է կալանքի ժամկետը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը: Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: