ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է քաղաքացուն՝ Ն.Մկրտչյանին, ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ տուժողը եւ առերեւույթ հանցագործություն կատարած անձը նախկինում գտնվել են լավ հարաբերությունների մեջ եւ հաճախակի այցելել միմյանց։ Դեպքի օրը՝ 2015 թվականի մայիսի 30-ին` ժամը 20:00-ի սահմաններում, գործով տուժողը գնացել է իր ծանոթ Դ.Հովհաննիսյանի տուն՝ գումար խնդրելու։ Գումարային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տանտերը հյուրի նկատմամբ կիրառել է բռնություն՝ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել հյուրի գլխին եւ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ դուրս հանել տանից։
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողին պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս՝ գլխի, դեմքի շրջանների քերծվածքների, արյունազեղումների, սալջարդ վերքերի, գանգի հիմի կոտրվածքի, քթի ոսկրերի եւ հայմորյան ծոցի առաջային պատի կոտրվածքների, ենթաոստայնային արյունազեղման, գլխուղեղի միջին աստիճանի սալջարդի, իրանի, վերին եւ ստորին վերջույթների շրջանների քերծվածքների, արյունազեղումների, առաջին գոտկային ողի կոտրվածքի ձեւով:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Մեղադրական եզրակացությունը հաստատվել է, եւ գործն ուղարկվել դատարան:



























