Երեւանի Սարալանջի պողոտայի՝ Անտառային փողոցի մոտակայքում մարտի 16-ի գիշերը բետոնե հենապատի փլուզման պատճառը հնարավոր է` լինի հենապատի վերեւի հատվածում կանաչապատ տարածքի գերխոնավեցումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
«Փլուզված հատվածը ոչ թե փշրվել կամ թափվել էր, այլ ուղղակի պոկվել: Սա արդեն մատնանշում է, որ պատնեշի հակառակ կողմում եղել են ավելցուկային` հաշվարկայինից դուրս ճնշումներ, ինչը կարող էր պատնեշի հետեւում առկա խոտի գերխոնավեցման հետեւանք լինել: Այսինքն` վերեւում խոտն էնքան են ջրել, որ հողազանգվածը մի քանի անգամ ծանրացել է բնական կշռից, հենապատը չի դիմացել այդ ճնշմանը եւ պոկվել է»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:
Նա նշեց, որ հենապատի փլուզման պատճառները բացահայտելու եւ վերջնական եզրակացության համար մասնագիտական փորձաքննություն է անհրաժեշտ:
«Հազարավոր գործոններ կան, որոնք կարող էին նպաստել հենապատի փլուզմանը. Դրանք կարող են լինել ե'ւ երկրաբանական (սողանքներ, քարաթափումներ), ե'ւ երկրաֆիզիկական (ընդերքային շարժումներ, երկրաշարժ), եւ ճարտարապետական: Բազմակողմանի հետազոտություններ պետք է արվեն, որ պարզի, թե ինչու է նման աժդահա կառույցը փլուզվել»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:




























