Հայաստանի Գյուղատնտեսության նախարարությունը ֆերմերներին ցրտահարությունների մասին զգուշացնող sms-հաղորդագրություններ է ուղարկել:  Այդ մասին խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտնել է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով   «Բարգավաճ Հայաստանից» պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցին:

Արդեն 4-5 օր է` նախարարությունը զբաղված է ֆերմերներին տեղեկացնելով:  Ֆերմերներին արդեն  տեղեկատվական ձեռնարկներ են բաժանվել այգիներում պաշտպանական աշխատանքի վերաբերյալ: 

Ֆերմերներին խորհուրդ է տրվում ծխահարել պտղատու այգիները  (ավելի վաղ դրա համար խորհուրդ էին տալիս դեն չնետել կտրված ճյուղերը): Իսկ այնտեղ, որտեղ հնարավոր է, այգիները պիտի առատորեն ջրվեն, հավելել է նախարարը: 

«Այդ նպատակով նախարարությունը գումար չի գանձի վարարաջրերով ոռոգման համար», - հիշեցրել է նա: