Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 16-ին, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով նշանակված հանրային պաշտպան Լիանա Գասպարյանը լքել է դատական նիստերի դահլիճը՝ նշելով, որ առանց ամբաստանյալի համաձայնության չի մասնակցի դատական նիստերին։
NEWS.am-ի հետ զրույցում Վարդգես Գասպարին նշեց, որ ինքը պաշտպաններ ունի եւ հանրային պաշտպանի կարիք չկա:
«Ես պաշտպան ունեմ, եւ հանրային պաշտպանի կարիք չկա: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ են իմ պաշտպաններին հեռացրել վարույթից: Հանրային պաշտպան նշանակելու իմաստը չեմ տեսնում»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ նախորդ դատական նիստին դատավորը Գասպարիի երեք պաշտպաններին հեռացրել էր վարույթից։
Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին մեղադրվում է վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցիչների եւ դատական նիստը նախագահող դատավորի հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մեջ:





























