«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում (Ծրագիր) իրականացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնք նախաձեռնել է ՀՀ կենտրոնական բանկը:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փոփոխությունները եւ լրացումները հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թ. մարտի 17-ի նիստում:
Ծրագրում կատարված փոփոխությունների եւ լրացումների նպատակն է
• առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել Ծրագրում, որոնք ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք, ինչը կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը,
• Ծրագրի հետագա աշխուժացումը՝ վերջին տարվա ընթացքում նկատվել է Ծրագրի ներքո երիտասարդ ընտանիքներին տրամադրվող հիփոթեքային վարկերի նվազման միտում:
Նշենք, որ Ծրագրում, մասնավորապես, իրականացվել են հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
- ավելացվել է Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը, այն է՝
• երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն,
• ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն:
- ավելացվել է Ծրագրի ներքո ձեռքբերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 մլն ՀՀ դրամ ներկայիս 16 մլն ՀՀ դրամի փոխարեն, ինչը հնարավորություն կընձեռի Ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդ ընտանիքներին ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:
- ավելացվել է Ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 մլն ՀՀ դրամ՝ ներկայիս 11,2 մլն ՀՀ դրամի փոխարեն:
- Երեւան քաղաքում եւս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 տոկոսը` վարկառուի կողմից այլ բնակելի անշարժ գույք գրավադրելու պայմանով:





























