«Նաիրիտի» մի քանի տասնյակ նախկին աշխատակիցներ այսօր՝ մարտի 17-ին, նամակով ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանից պահանջեցին գործարանի հարցերով զբաղվող նորաստեղծ հանձնաժողովում ներառել նախկին աշխատակիցներից երկուսին:
«Մենք չենք տեղեկանում, թե հանձնաժողովը ինչ գործունեություն է ծավալում, մեզ մոտ տեղեկացվածության պակաս կա: Դրա համար ուզում ենք, որ աշխատանքային խմբից երկուսը ընդգրկվեն հանձնաժողովում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին նաիրիտցի Անահիտ Մանուկյանը:
Նաիրիտցիներն առաջարկում են որպես իրենց ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում ընդգրկել Արա- Գեղեցիկ Կարեյանին եւ Կարեն Իսրայելյանին՝ « Նաիրիտի» նախկին տնօրենին:
Նշենք, որ նաիրիտցիներն այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության եւ Էներգետիկայի նախարարության շենքերի միջեւ ընկած հատվածում: Նրանք պահանջում են գործարանի վերագործարկում:
Հիշեցնենք, որ ձեռնարկությունը չի աշխատում 2010թ. ապրիլից: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասել էր, որ եթե լինի պոտենցիալ ներդրող, պետությունը պատրաստ է սառեցնել պարտքերը եւ վերագործարկել «Նաիրիտ» գործարանը:





























