ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ որպես բանկի աշխատակից ներկայացած անձի կողմից գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախաքննությամբ իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ռ.Գալստյանը, տեղեկանալով քաղաքացու՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես բանկի աշխատակից եւ քաղաքացու՝ բանկում գրավադրված բնակարանը մատչելի տարբերակով գնելու գործընթացը կազմակերպելու պատրվակով` 2015 թվականի նոյեմբերի 18-ից մինչեւ դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում վերջինից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 30.700 ԱՄՆ դոլար գումար:
Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը փետրվարի 19-ին որոշում է կայացրել՝ Ռ.Գալստյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հայտարարվել հետախուզում:
Եթե կան անձինք, ովքեր տուժել են Ռ.Գալստյանի գործողություններից, խնդրում ենք դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչություն (հասցե՝ Պարույր Սեւակ 4, հեռ.՝ 010 23-03-01։



























