ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերիշխող դիրքի փաստեր է արձանագրել երկաթուղային տրանսպորտի, ծխախոտի իրացման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, հեռահաղորդակցության, ինտերնետ կապի, գազավորված ըմպելիքների շուկաներում և պատասխանատվության միջոցներ է կիրառել: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում ՏՄՊՊՀ 2015-ի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովին չենք կարող ասել՝ գնա մի քանի բիզնեսների տրոհված բիզնեսը հայտնաբերի։ Տարբեր գերատեսչությունների թերացումների հետևանքով նման դեպքերը չեն հայտնաբերվել, մենք էլ մեղադրում ենք, ասելով՝ հանձնաժողովը պետք է դրանք հայտանաբերի, բայց չենք ասում՝ հանձնաժողովն ունի՞ նման գործառույթներ»,-ասել է նա՝ հավելելով, որ այդ խնդիրների լուծման համար պետք է ՏՄՊՊՀ-ին լրացուցիչ լիազորություններ տալ օրենքով:

Անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ ՏՄՊՊՀ-ին եւ իշխանություններին ուղղված քննադատությանը, Բաղդասարյանն ասաց. «Այստեղ խոսք գնաց, որ եթե մենք լինեինք, կանեինք այսպես... Է դուք էիք, անեիք, այդ ամեն ինչը, բա անում էիք, դրա համար գնացիք, չկարողացաք անեիք, հիմա եկել ենք՝ մենք անում ենք այդ ամեն ինչը, գոնե դրականը նկատեք: Մեղադրանքներ են այստեղ հնչեցնում՝ մատները թափ տալով, իրենց տեսական գործողությունները իրականության հետ չհամապատասխանեցնելով»:

նա անհեթեթ համարեց Զուրաբյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը վրացական երկաթուղու հետ եկել է համաձայնություն՝ Փոթի-Այրում երկաթուղու սակագինը բարձրացնելու համար, որպեսզի մենաշնորհը մեզ մոտ կարողանանք զարգացնել: «Այսինքն՝ մենք այնքան ենք վստահում վրացիներին, որ նրանք դա մի օր մամուլ չեն գցի ու այդպիսի համաձայնության ենք գալիս։ Դա պարզապես իր երկիրը, ժողովրդին չսիրող մարդը կարող է ասել»,-ընդգծել է նա: