Անարդար եմ համարում նաեւ մեր Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քննադատությունները, որովհետեւ մեր սահմանափակ աշխատակազմով եւ ֆինանսական ռեսուրսներով բոլոր ջանքերը գործադրում ենք մեր առջեւ դրված խնդիրները լուծելու համար: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015-ի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Բազմաբնույթ հարցեր հնչեցին, որոնք վերաբերում են գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, տարբեր ոլորտներին, հարցեր որոնք առնչվում են այլ կառույցների գործունեությանը, իսկ այն հարցերի հետ կապված, որոնք վերաբերում են մեր գործունեությանը, ես, անպայման, գրավոր կպատասխանեմ շահագրգիռ պատգամավորներին եւ անհրաժեշտության դեպքում դրանք կներառենք մեր աշխատանքային ծրագրերում»,-ասաց նա:
Շաբոյանի խոսքով, ԱԺ դահլիճում հնչեցին նաեւ որոշ քաղաքականացված հայտարարություններ, մեկնաբանություններ տրվեցին երկրի մրցակցային իրավիճակի վերաբերյալ, հղումներ կատարվեցին տարբեր միջազգային զեկույցներին, որոնք օբյեկտիվ չեն: «Ներկայացված դիրքորոշումները իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում: Ես առանձին գրավոր իմ դիրքորոշումը կներկայացնեմ ելույթների հեղինակներին՝ ակնկալելով նրանցից արձագանքներ:
Ես հիշեցնեմ, որ մենք ներկայացնում ենք մեր գործունեության ծրագիրը, ոչ թե հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Եթե ես ներկայացնեմ մեր կատարած աշխատանքները պետք է ասեմ, որ տարեկան շուրջ 500 որոշում ենք կայացնում, որոնք հիմնականում վերաբերում են օրինախախտ տնտեսվարողներին: Դրան զուգահեռ կատարվում են մի քանի տասնյակ ոլորտային ուսումնասիրություններ, եւ բացահայտվում են բազմաթիվ խնդիրներ, որոնք գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում: Հանձնաժողովը հետամուտ է լինում, որ այդ բոլոր խնդիրները հասնեն համապատասխան պետական կառույցներին»,-ընդգծեց Շաբոյանը:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի, իրենք զգալի ռեսուրսներ են ծախսում դատական ատյաններում իրենց կողմից կայացված որոշումները պաշտպանելու համար: «Չնայած մեր կառույցի անվանմանը, այնուհանդերձ, Հանձնաժողովը չի կարող պատասխանատու լինել եւ զբաղվել մրցակցության բոլոր հարցերով, որովհետեւ մրցակցությունը շատ լայն հասկացություն է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Խնդիրների լիարժեք լուծմանը մենք կարող ենք հասնել բոլոր պետական մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ինչ վերաբերում է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնմանը, ապա կարծում եմ, որ պետք է ուժեղացնել մեր վերահսկողական գործիքակազմը՝ խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով: Մեր երկրում որեւէ տնտեսվարող չի կարող ասել, որ եղել է որեւէ խնդիր, եւ գտնվել է մեր իրավասության շրջանակներում եւ մենք հետեւողական չենք եղել այդ խնդիրների լուծման հարցում»,-ամփոփել է Շաբոյանը:





























