Վրաստանում ու Հայաստանում բենզինի գնի տարբերությունը պայմանավորված է երեք գործոնով, այդ թվում՝ հարկային քաղաքականությամբ: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՏՄՊՊ հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով Վրաստանում ու Հայաստանում բենզինի գների տարբերությանը:
«Մեր ուսումնասիրության արդյունքներով՝ այդ տարբերությունը պայմանավորված է երեք գործոնով: Առաջինը՝ վրացական երկաթուղու կողմից գանձվող փոխադրման սակագներով, երկրորդը պատճառը հարկային քաղաքականությանն է վերաբերում, կան որոշակի տարբերություններ Հայաստանի եւ Վրաստանի հարկային քաղաքականության մասով: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1 լիտր բենզինը ՀՀ ներմուծելու համար ավելի շատ ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ է գանձվում, քան Վրաստանում: Երրորդ պատճառը պայմանավորված է Վրաստանում բենզինի ձեռք բերման գների որոշակի նվազմամբ, քանի որ Վրաստանում վերջին ժամանակաշրջանում ավելի էժան գնով բենզին է ներկրվում Ադրբեջանից եւ Թուրքմենստանից»,-պարզաբանել է Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով, Հայաստանի՝ ԵՏՄ անդամագրվելու արդյունքում շատ ապրանքների շուկայում նկատվել է գների նվազում: «Եթե դա չլիներ, հնարավոր է՝ ավելի բարձր գներ ձեւավորվեին, բազմաթիվ ապրանքների շուկաներ ունենք, որ անդամակցության արդյունքում գները նվազել են, անդամակցությունը չի նշանակում, ապրանքների գները պիտի կտրուկ նվազեն»,-նշել է նա:
Շաբոյանը պնդել է, որ բենզինի գնի վրա եւս այդ հանգամանքն իր ազդեցությունը թողել է. «Մեր հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում այս ոլորտում մուտքի խոչընդոտներ չկան, եւ ցանկացած տնտեսվարող, որ կցանկանա առավել շահավետ պայմաններով այս գործունեությամբ զբաղվել, ապրանքներ ներմուծել այլ երկրներից, ամբողջությամբ կարող են իրականացնել»:
Շաբոյանը վստահեցրել է, որ Հայաստանում մրցակցությունը ազատ է եւ ոչ մի խոչընդոտ չկա: «Խոշոր ընկերություններն օբյեկտիվորեն մրցակցային առավելություն ունեն փոքր եւ միջին ընկերությունների նկատմամբ: Հաշվի առնելով, որ մեր երկրում շուկան անսահմանափակ է եւ իրացման հնարավորությունները քիչ են, այս տեսանկյունից խոշոր ընկերություններն օբյեկտիվորեն մրցակցային առավելություն ունեն փոքր ու միջին ընկերությունների նկատմամբ»,-ընդգծել է Շաբոյանը:


























