Այսօրվա դրությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձ ակտիվ քաղաքականություն չկա ու չի կանխատեսվում: Այս մասին մարտի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Այդուհանդերձ, նրա խոսքով, ինչպես եւ ՀՀ ցանկացած այլ քաղաքացի՝ Ռոբերտ Քոչարյանը նույնպես կարող է մասնակցել քաղաքականությանը, նա բավականին երիտասարդ ու եռանդուն մարդ է: «Հայաստանն ունի օրինակ, երբ քաղաքական գործիչը հեռացել է՝ Լեւոն Տեր Պետրոսյանն 10 տարի ոչ միայն քաղաքականությունում, այլեւ առհասարակ ոչ մի տեղ չկար: Բայց հետո հայտնվեց ու ներխուժեց քաղաքականություն»,- հիշեցրել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նշենք, որ քաղաքական գործիչների ու փորձագետների կարծիքով, ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանի՝ սեփական կուսակցություն ստեղծելու մտահղացումը Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձով է պայմանավորված:




























