Սիրիայում այն ծանրակշիռ հայկական համայնքը, որը կար, այլեւս չի լինի։ Այս մասին մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսին լրագրողներին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա խոսքով՝ նախկին Սիրիան հնարավոր չէ վերականգնել։ «Սիրիայի հայկական համայնքը այն խճանկարի մի մասն է, որը ձեւավորվել է երկրում։ Չգիտեմ, թե որքան երկար կգոյատեւի Հալեպի հայկական համայնքը, սակայն այնտեղ ապրելը մազոխիզմի նման է»,- նշեց Իսկանդարյանը։
Հիշեցնենք, որ նախքան Սիրիայում արյունալի իրադարձությունները, այդ երկրում ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց մոտ կեսն ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիայում, Հոմսում, Կամիշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:





























