Ազգային ժողովում որեւէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով իրենց կուսակից Առաքել Մովսիսյանի (Շմայս) երեկվա վարքագծին,  երբ պաշտպանել էր Սերժ Սարգսյանին` անպարկեշտ խոսքեր ասելով Նիկոլ Փաշինյանին:

«Խորհրդարանականին վայել պահվածք չէր, բոլոր խորհրդարանականներին է վերաբերում, որոնք կփորձեն իրենց ոչ վայել պահել: Չեմ կարծում, որ Ազգային ժողովում որեւէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր գոյություն ունի»,-ասել է Գագիկ Մելիքյանը:

Նա պնդել է, որ նման վարքագիծը չէր կարող բացասաբար ազդել ՀՀԿ-ի հեղինակության վրա: «Հանրապետության նախագահը որեւէ մեկի պաշտպանության կարիքը չունի: Առաջին հերթին նման  պահվածքը վարկաբեկում է նման վարքագիծ ունեցողին»,-ընդգծել է Մելիքյանը՝ հավելելով, որ ժողովուրդն է բերել Առաքել Մովսիսյանին խորհրդարան:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ նիստում, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է «ոչ կոմպետենտ» լինելու մեջ, նրա հասցեին վիրավորանքներ են հնչել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Նիկոլ Փաշինյանին անվանել է «համբալ, անասուն, դիշովկա» ու ստացել հակահարված. «Համբալը դու ես, այ տղա, դիշովկան դու ես, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել, վափշե»: