Դեռեւս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել, բայց կա նման հավանականություն: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, հաղորդագրություն է տարածել Գյուղատնտեսության նախարարությունը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում եւ Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական  ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչեւ -6, հողի մակերեւույթին` -7) եւ Մերձավանի (-5 օդում, հողի մակերեւույթին` -6) օդերեւութաբանական կայաններում: Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է  Էջմիածնի  եւ Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից  համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում:

Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում եւ Բաղրամյանի տարածաշրջանի ներքին  հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում եւ Բաղրամյանի վերին հատվածում  էական վնասներ չեն նկատվել:

Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:

Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ  դեռեւս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը (համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների) Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի եւ Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4 -7 աստիճան, գետնի մակերեւույթին` -5 -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար  -2 -5 եւ -3 -6 աստիճան ցուրտ:

Չնայած առաջիկայում կանխատեսվող ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ առանձին տարածաշրջաններում կարող են դիտվել ավելի թույլ ցրտահարություններ, ուստի խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում: