Ազգային ժողովում բոլորն արտահայտվելիս պետք է զգույշ լինեն: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Սուքիաս Ավետիսյանը` անդրադառնալով իր կուսակից Առաքել Մովսիսյանի (Շմայս) պահվածքին, երբ Նիկոլ Փաշինյանի հետ վեճի էր բռնվել` նրան անպարկեշտ խոսքեր ասելով:

«Հանձնաժողովն ընդամենը քննարկում է հարցը, եթե կա փաստ, այն հիմնավորում է եւ ներկայացնում համապատասխան որոշում, որ դա պատգամավորի էթիկայի խախտում է: Այլ լիազորություններ հանձնաժողովը չունի: Ես խորհուրդ չեմ տա, որ լրագրողները կրկնեն դահլիճում հնչեցված բառերը, դա հարիր չէ լրագրողին: Համենայնդեպս ցանկացած մարդ ինքն է որոշում` ինչ բառ օգտագործի: Առավել եւս Ազգային ժողովում բոլորը արտահայտվելիս պետք է զգույշ լինեն»,-ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ԱԺ նիստում, երբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է «ոչ կոմպետենտ» լինելու մեջ,    նրա հասցեին վիրավորանքներ են հնչել: Մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) Նիկոլ Փաշինյանին անվանել է «համբալ, անասուն, դիշովկա» ու ստացել հակահարված. «Համբալը դու ես, այ տղա, դիշովկան դու ես, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել, վափշե»: