Երեւանի քաղաքապետարանը բյուջեից 70 մլն դրամ հատկացրել է «Կենտրոն մաքրություն» ՍՊԸ-ի աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար: Այս մասին այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը` անդրադառնալով ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանի հարցին, թե ինչու է «Երեւան» հիմնադրամին այդքան գումար հատկացվել:
«Քաղաքապետարանը 70 մլն դրամ հատկացրել է այդ ՍՊԸ-ի աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար, քանի որ ընկերությունը սնանկ էր ճանաչվել»,- ասաց Վահե Նիկոյանը:
Ինչ վերաբերում է նույն հիմնադրամին 52 մլն դրամ հատկացնելուն, ապա քաղաքապետի տեղակալը վստահեցրեց, որ բյուջեով դա նախատեսված էր եւ տրամադրվել է վարչական շրջաններին:
«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանն էլ հետաքրքրվեց, թե բյուջեով նախատեսված որ ծրագրերը չեն իրականացվել: Վահե Նիկոյանը վստահեցրեց, որ բյուջեով նախատեսված բոլոր ծրագրերն իրականացվել են:
Նշենք, որ ավագանին քննարկում է 2015թ. բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին հարցը:



























