Ընտրական տարածքները օլիգարխներին խորհրդարան անցկացնելու նոր միջոց են: Այս մասին մարտի 18-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա համոզմամբ՝ իշխանությունների նախաձեռնություններից ոչ մի լավ բան սպասել չի կարելի։

«Թեեւ նրանք հիմնավորումներ են բերում, սակայն գործնականում ամեն բան պարզ է. այն օլիգարխները, որոնք նախկինում խորհրդարանում տեղեր էին ստանում միամանդատ ընտրատարածքներում, հիմա նորից օգտագործում են իրենց միջոցներն ու ազդեցությունը, ուղղակի նոր համակարգով եւ այլ անվանումով: Փաստացի իշխանությունը վերեւից ներքեւ ասում է՝ մենք ընտրությունների չենք պատրաստվում եւ չենք պատրաստվում հեռանալ», որովհետեւ լինեն իրական ընտրություններ, նրանք ստիպված կլինեն հեռանալ»,- ընդգծել է Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ նոր ընտրական օրենսգրքի նախագծի համաձայն 41 միամանդատ ընտրատեղամասերը կփոխարինվեն 13 ընտրական տարածքներով, որոնցից 4-ը՝ Երեւանում: Բացի այդ, քվեարկելով այդ ընտրական տարածքում որեւէ թեկնածուի օգտին, միաժամանակ ընտրողը ձայն է տալիս նաեւ այն կուսակցությանը, որի ցուցակում ընդգրկված է այդ անձը: