Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների նվազեցումը 2017թ. խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի նախընտրական խոստումների մեջ կլինի։ Այս մասին մարտի 18-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ այդ կոմունալ ծառայությունների սակագները կարելի է նվազեցնել 25 տոկոսով։ ՀԱԿ-ն ուսումնասիրել է այդ շուկաները եւ պատասխանատու է իր ասածի համար։ «Նման հաշվարկներ կան նաեւ բենզինի հարցում։ Այսօր Հայաստանում դրա արդար շուկայական գինը լիտրի դիմաց 310 դրամ է։ Պետք է ընդամենը ջարդել մենիշխանությունների եւ օլիգարխների համակարգը։ Այդ դեպքում որոշ ապրանքներ կարող են 30-40 տոկոսով էժանանալ։ Դրան կարելի է հասնել, եթե ջարդենք անարդար ընտրությունների արատավոր համակարգը»,- նշել է ընդդիմադիրը։