«Շմայսի» ( պատգամավոր Առաքել Մովսիսյան-խմբ.) ու «լիսկայի» (Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան – խմբ.) նման գործիչների արարքներով ՀՀ իշխանություններն ուզում են ժողովրդին շեղել ընտրությունների խնդրից: Այս մասին մարտի 18- ի ԱԺ ավանդական ճեպազրույցներում հայտնել է «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով օրերս ՀՀԿ ներկայացուցիչների եւ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի միջեւ խորհրդարանում բռնկված բուռն բանավեճը:
«Կարծում եմ, ՀՀԿ ներկայացուցիչներն իրենք էլ են հասկանում, որ շմայսանմանների վարքագիծն իրենց պատիվ չի բերում ու իրենց հեղինակությունը չի ավելացնում: Բայց դրանով նրանք շեղում են ժողովրդի ուշադրությունը առաջիկա ընտրություններից, որոնցում իրենք նորից ուզում են իրենց նպատակին հասնել օրիգարխների ու օլիգարխիկների, իշխանիկների, խաների ու խանչիկների օգնությամբ»,- նշել է Զուրաբյանը:





























