Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Մատաղիսի» գործով որոշումը լիարժեք հաղթանակ էր: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է  այս գործով անցնող 3 մեղադրյալների փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով փաստին, որ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասով ՄԻԵԴ-ն ապացուցված չհամարեց կոնվենցիայի խախտումների փաստը, Ալումյանը նշեց, որ դրա պատճառն այն է, որ Հայաստանում այդ ժամանակ խոշտանգումների փաստը չի քննվել: «Եթե ինչ-որ մեկը ենթարկվում է խոշտանգումների, ինքը հնարավորություն չունի հավաքել ապացույցներ իր խոշտանգումների վերաբերյալ: Այստեղ պետության վրա է դրվում պարտավորությունը: Խոշտանգումների վերաբերյալ բողոքները շատ են ու քանի որ դրանց քննությունը արդյունավետ չի եղել, ամենքին շատ մեծ փոխհատուցումներ է տրվել»:

Հարցին, թե արդյոք թերացած պաշտոնյաները չպետք է ենթարկվեն պատասխանատվության, որոնց պատճառով պետությունը պարտվում է ՄԻԵԴ-ում, Ալումյանը պատասխանել է, որ այս դեպքում խնդիրը տեղափոխվում է պետություն-պաշտոնյա դաշտ, եւ պետությունն ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվի այդ պաշտոնյաների հետ:

Անդրադառնալով փաստին, որ «Մատաղիսի» գործով վճիռը Վճռաբեկ դատարանը բեկանել է եւ ուղարկել լրացուցիչ քննության, Հայկ Ալումյանը դա աննախադեպ է համարել եւ հավելել, որ դա այն ժամանակ այդ գործով փաստաբան Զարուհի Փոստանջյանի համառության եւ պրոֆեսիոնալիզմ արդյունքն է:

Հիշեցնենք, որ 2004 թ. ապրիլի 19-ին ԼՂՀ Մատաղիսի զորամասի ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը հրավիրվել են հրամանատարի սենյակ՝ 2003 թ. դեկտեմբերին սպանված երկու զինծառայողների գործով հարցաքննության նպատակով: Սկզբում նրանք հարցաքննվել են որպես վկաներ, ապա  զինվորական ղեկավարությունը փորձել է բռնությամբ ստիպել, որ վերջիններս ընդունեն մեղքը:

Ի տարբերություն Ա. Զալյանի եւ Մուսա Սերոբյանի՝ Ռազմիկ Սարգսյանը ճնշումների ներքո ընդունել է իր եւ երկու ծառայակիցների մեղքը:

2005 թ. մայիսին Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը դատապարտվել են նախ՝ 15 տարվա, ապա՝ ցմահ ազատազրկման եւ ազատազրկման վայրում անցկացրել 3 տարի: 2012 թ. դեկտեմբերի 18-ին նրանք արդարացվել են:

Հետաքրքրական է, որ քննիչ Արմեն Հակոբյանը, որի ակնհայտ ապօրինի գործողությունների արդյունքում տեղի էր ունեցել դատական սխալ, եւ անմեղ մարդիկ էին դատապարտվել, այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, ավելին՝ նրա պաշտոնը բարձրացվեց, եւ այսօր Արմեն Հակոբյանը ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետն է: