«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը Գյումրիի 10 ընտանիքների բնակարաններ կտրամադրի:
Այս առնչությամբ ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում նշվում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետեր Սամվել Կարապետյանի որոշմամբ Ընկերության եւ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի միջեւ 2016թ. մարտի 18-ին կնքվել է նվիրատվության պայմանագիր՝ Գյումրի քաղաքի սոցիալապես անապահով եւ տնակներում բնակվող տասը ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով:
Ընկերության աշխատակազմի կողմից կընտրվեն ծայրահեղ ծանր պայմաններում ապրող այն ընտանիքները, որտեղ երեխաներ, հաշմանդամներ ու տարեց մարդիկ են բնակվում:
Պայմանագիրը նաեւ նախատեսում է սեփականության իրավունքով հանձնվող գույքի նկատմամբ իրավունքների որոշակի եւ ժամանակավոր սահմանափակումներ, ինչպիսիք են օտարելը, վաճառելը, փոխանցելը, վարձակալությամբ տրամադրելն ու գրավադրելը:
Բացի այդ՝ Ընկերության ղեկավար անձնակազմի եւ կոլեկտիվի անձնական միջոցների հաշվին ձեռք է բերվում եւս երկու բնակարան՝ առաջնորդվելով դրանց բաշխման նույն սկզբունքներով»:




























