Գյումրիում տեխնիկական ընդմիջումից հետո վերսկսվել է Ավետիսյանների սպանության գործով նիստը։ Հիշեցնենք, որ դատարանը շարունակում է ծանոթանալ գործի նյութերին։

Դատարանը կայծակնային արագությամբ ծանոթացավ գործի հատորներին, առկա գրառումներին, դիմումներին, միջնորդություններին, այդ թվում՝ լրատվամիջոցներում հիշատակվող տաքսիստի անձը պարզելու մասին միջնորդությանը, ինչպես նաեւ 2015թ. հունվարի 12-ի գիշերը Գյումրիից Բայանդուր մեկնած ապրանքային եւ ուղեւորատար գնացքների մեքենավարների ինքնության պարզման միջնորդությանը։

Ինքնաձիգի փորձաքննության արդյունքների համաձայն՝ արձակված կրակոցների ամսաթիվը պարզ չէ։  Երկու պահունակներում հայտնաբերվել են մնացած 31 փամփուշտները։ Սակայն ավտոմատի «խցանման» մասին վկայող հետքեր չկան։ Փորձաքննությանը ներկայացված 28 պարկուճները արձակվել են նույն ինքնաձիգից։ Մամուլին ներկայացվել են նաեւ գործի նյութի լուսանկարներ։

Նիստում ներկայացվել են  նաեւ կանացի պայուսակում հայտնաբերված կրիչի եւ լազերային սկավառակի փորձաքննության տվյակները, լրատվամիջոցների դիմումների պատասխանները։ Փորձաքննության համաձայն՝ Ավետիսյանների տան միջանցքում հայտնաբերված «Երեւան» ընկերության ծխախոտը ծխել է Սերյոժա Ավետիսյանը (տան տերը)։ Արձանագրվել է, որ տանը հայտնաբերվել է նաեւ սվին-դանակ, արյան  հետքեր։ «Սամսունգ» հեռախոսի վրա մազերի հետքերը ենթադրաբար Աիդա Ավետիսյանին են պատկանել։ Տանը հայտնաբերված արյան հետքերը, ըստ փորձաքննության, մարդու արյուն է եւ կարող են պատկանել տան տերերին։

Տանը հայտնաբերված զինվորական հագուստի, կոշիկների վրա քրտինքի հետքեր են հայտնաբերվել։ Դրանք համապատասխանում են «Օ» խմբին եւ կարող են պատկանել Վալերի Պերմյակովին։ Սակայն փորձաքննությունը բացառել է Պերմյակովի թաշկինակի վրա թքի հետքերը նրան պատկանելու հնարավորությունը։

Տան բակում ծխախոտի բազմաթիվ մնացորդներ են հայտնաբերվել։ Դրանց մի մասի վրա կարող են լինել Պերմյակովի թքի հետքերը։