Հայաստանում Էլեկտրաէներգիայի սակագնի նվազում չի սպասվում: Այս մասին այսօր` մարտի 18-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:

«Մենք սակագին իջեցնող կամ բարձրացնող ընկերություն չենք, մենք կատարում ենք մեր աշխատանքը եւ կա սակագնային մարժա եւ  այն չի բարձրացվի երբեք (սակագնային մարժան` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի գնման եւ սպառողներին դրա վաճառքի գների տարբերությունն է)»,-ասաց ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:   

ՀԷՑ գլխավոր տնօրենը նշեց, որ  Շիրակի մարզի էլեկտրացանցերը անմխիթար վիճակում են. «Գյումրիում ցանցերը վատագույն վիճակում են գտնվում եւ մեր կողմից մշակվել է Երեւան եւ Գյումրի քաղաքների էլեկտրացանցերի բարելավման ծրագիրը, որը մշակման փուլում է: Ծրագիրն առայժմ գտնվում է քննարկման փուլում եւ նախատեսվում է արտասահմանյան դոնոր կազմակերպությունների ներգրավում ծրագրի իրականացման համար: Ծրագրի հաստատման դեպքում Գյումրիի էլցանցերն առաջինը կբարելավվեն»,-ասաց նա: