Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Թամար Պողոսյանի համար արտառոց ոչինչ չկա, որ իրենց կուսակցության անդամները հեռանում են:
«Զանգվածային կուսակցությունների մեջ չկա այնպիսի դրույթ, որ եթե եկել ես, պիտի մնաս եւ չհեռանաս: Սրանք քաղաքական գործընթացներ են, մարդիկ անդամագրվում են, եթե նույն գաղափարներն ունեն: Եթե տարաձայնություններ են լինում, այլ դիրքորոշումներ ունեն, ազատ կարող են դուրս գալ կուսակցությունից: Մեր կանոնադրության մեջ ամրագրված է սա»,- այս մասին այսօր` մարտի 18-ին, Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց Թամար Պողոսյանը:
Ինչ վերաբերում է մամուլի տեղեկություններին, թե Նաիրա Զոհրաբյանի եւ Աբրահամ Մանուկյանի միջեւ տարաձայնություններ կան, Թամար Պողոսյանն ընդգծեց, որ իրենք շարունակում են օրակարգով սահմանված իրենց աշխատանքները, ավելին վերագնահատում են իրենց հնարավորությունները:




























